Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ավելի վաղ ՌԴ նախագահը նաև շնորհավորական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ