Այս պահից սկսած խաղի կանոնները փոխվում են․ Էդմոն Մարուքյան

«ՀՀԿ-ն հայտարարել է այն մասին, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն. սա բավականին հաճելի հայտարարություն է»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք միշտ աշխատանքային մթնոլորտում են եղել և տրամադրված՝ լավ բան ստեղծելու, բայց մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից:

«Մեզ անհրաժեշտ են ՀՀԿ-ի ձայները որևէ ռեֆորմ ացկացնելու համար, պետք է բանակցությունների միջոցով հասնել փոփոխությունների,- ընդգծեց Մարուքյանը,- առաջին հերթին անհրաժետ է փոփոխության ենթարկել Ընտրական օրենսգիրքը»:

Մարուքյանի դիտարկմամբ՝ նորընտիր վարչապետն ամեն ինչ անելու է, որպեսզի ազգային համաձայնության, համերաշխության կառավարություն ձևավորվի և իր առջև դրված ծրագրերն իրականացնի, և դա, ըստ պատգամավորի, ավելորդ կոմպրոմիս չէ:

Պատգամավորը կարևորեց պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը թե՛ կառավարությունում, թե՛ ավելի ցածր օղակներում. «Պետք է ամեն ինչ անել, որ մաքուր կենսագրությամբ, կառավարման կամ որոշակի մասնագիտական փորձ ունեցող մարդկանց ներգրավենք. կադրերն են որոշում ամեն բան»:

Մարուքյանը չբացառեց, որ «Ելք» դաշինքի որոշ անդամների հնարավոր է աշխատանք առաջադրվի ԳՄ-ում: Պատգամավորի խոսքով՝ ինքն ավելի շատ աշխատանք ունի անելու խորհրդարանում. «Որովհետև շատ կարևոր է, որ մեր խմբակցությունը պատրաստ լինի դիմակայելու այսօրվա ընդդիմությանը՝ 50-ից ավելի անդամ ունեցող ՀՀԿ-ին»:

«Մենք շարունակում ենք կարծել, որ սուպերվարչապետ չպետք է լինի, սակայն այս փուլում տեսնելով, որ խորհրդարանական մեծամասնությունը փորձում է խոչընդոտել ռեֆորմների իրականացումը, նա կարող է օգտվել Գործադիր իշխանության հնարավորություններից»,-նկատեց մեր զրուցակից:

Անդրադառնալով հարցին, թե երբ հնարավոր կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել և ինչը կարող է նպաստել արտահերթ ընտրությունների ձգձգմանը, Մարուքյանը նշեց, որ քանի դեռ Ընտրական օրենսգիրքը փոփոխված չէ, այդ մասին դեռ վաղ է խոսելը. «Այդ հարցին կանդրադառնանք, երբ կառավարության ծրագիրը կհաստատվի»:
«Հեղափոխությունը պետք է կապիտալիզացնել գործով,- ընդգծեց Մարուքյանը,- մենք փոխում ենք երկիրը և թույլ չենք տա, որ արատավոր սովորույթները տեղ գտնեն մեր երկրում»:

Այս պահից սկսած խաղի կանոնները փոխվում են․ Էդմոն Մարուքյան