Սարգսյանն ԱՄՆ-ում բիզնեսներ ու տներ ունի, Քոչարյանն ընդերքը թալանեց, իսկ Կարապետյանը երկու անգամ թանկ գազ է վաճառում մեզ

«Ռուսն իր խաղն է խաղում: Բերեց Կարենին, որ Սերժ Սարգսյան կերպարը դուրս գա, հետո՝ սղացնի Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում բիզնեսներ ու տներ ունի: Ռոբերտ Քոչարյանն էլ ընդերքը թալանեց: Կարեն Կարապետյանն էլ եթե գա, էլի ղարաբաղյան կլանի առաջ ենք կանգնելու, բացի այդ նա էլ իր շահն ունի. չէ որ նա երկու անգամ թանկ գազ է վաճառում մեզ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն՝ անդրադառնալով ապրիլի կեսերից Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանն ու դա ծնած պատճառներին:

Խոսելով վերջին շրջանում հաճախ հնչեցվող՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ից հեռացման լուրերի մասին՝ Հախվերդյանը նկատեց. «Նիկոլ Փաշինյանն իր դասախոսներին մեղադրել է կաշառակերության մեջ: Ես էլ դպրոց գրեթե չեմ ավարտել, դիպլոմս էլ կասկածելի է: Երկու դասագիրք եմ վառել շպրտել դասախոսիս երեսին: Դիպլոմ  չունի, բայց նա գրագետ ու խելացի է, իսկ Կառավարության կազմում դիպլոմ ունեցող մարդիկ կան, որոնք հայերենից են վախենում, հայերենն էլ՝ իրենցից»,-ասաց Հախվերդյանը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը դիպլոմի կարիք չունի, քանի որ ինքն ավելի կրթված է, քան, օրինակ, Սերժ Սարգսյանն, ով քաղաքացու հետ խոսում է «փայտե» լեզվով:

Հախվերդյանը նաև հավելեց, որ իրեն չի հետաքրքրում, թե Փաշինյանը մինչև ժողովրդական շարժումն ինչիպիսի քաղաքական կերպար է ունեցել. «Նա միշտ էլ չափավոր ճշմարտախոս է եղել: Այն, ինչ անում է, պիտանի է հասարակության համար, իսկ իշխանավորներին ո՞վ է բերել իշխանության՝ Պուտինը: Եթե ռուսների հետ ենք, ուրեմն քաշված ենք,  առանց այդ էլ հիմա տուժած ենք, իսկ ես միշտ զզվանքով եմ լսում շուռ տված հայերի մասին»:

Ռուբեն Հախվերդյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում հայ պաշտոնյաների մոսկովյան այցերին և ընդգծեց, որ Ռուսաստանից նրանց կանչել են՝ հստակ սահմանելու համար, թե ստեղծված իրավիճակում ինչպես պետք է իրենց պահեն. «Ես կարծում եմ, որ ավելի լավ է կորած լինենք, քան մեզ այդպես պահենք, մենք պետք է թույլ չտանք ռուսական սապոգը հասնի Ղարաբաղ և պետք է մեր հարաբերությունները սերտացնենք ՆԱՏՕ-ի հետ»:

Սարգսյանն ԱՄՆ-ում բիզնեսներ ու տներ ունի, Քոչարյանն ընդերքը թալանեց, իսկ Կարապետյանը երկու անգամ թանկ գազ է վաճառում մեզ