8 երևույթներ Երևանում, որոնք զարմացնում են զբոսաշրջիկներին

Խմիր, ինչքան սիրտդ կկամենա

Այն ժամանակ, երբ Թամանյանը զբաղվում էր Երևան քաղաքի նախագծմամբ, նա ստիպված անընդհատ փոքրիկ կժերով ջուր էր գնում երիտասարդ վաճառողներից, և ասում են, որ հենց այդ պատճառով էլ նախագծի մեջ են հայտնվել «կապույտ կետեր»: Այսօր յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գումար չծախսել ծարավը հագեցնելու համար, երբ քայլում է քաղաքի փողոցներով: Սակայն ի սկզբանե հարկավոր է զբոսաշրջիկներին համոզել, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող ցայտաղբյուրներից հոսող ջուրը ամբողջովին մաքուր է և անվտանգ:

Տրանսպորտային «մշակույթ»

Շատերը կասեն, որ Երևանում գործող միկրոավտոբուսներն ու տաքսիները բազմաթիվ բացասական կողմեր ունեն, սակայն պարզվում է, որ օտարերկրացիներին շատ զարմացնում է ոչ միայն դրանց լիության փաստը, այլև այն, որ դրանց մեջ բոլորը բոլորին տեղ են զիջում: Նրանք նաև զարմանք են ապրում տեսնելուց, թե ինչպես են գումարը տալիս անծանոթին, որ իրենց անունից վերջինս փոխանցի վարորդին, և դրանից հետո էլ մնացորդը բարեհաջող կերպով ետ է վերադառնում իրենց: Երևանում տաքսիները լիովին հասանելի են զբոսաշրջիկների համար՝ մատչելի գներով: Այլ երկրներում տաքսիների հաշվիչները անդադար պտտվում են՝ հաշվի չառնելով խցանումները և անհրաժեշտ դադարները, ինչի հետևանքով էլ վերջնական գումարը վճարում են ոչ թե անցած ճանապարհի համար, այլ մեքենայում գտնվելու ժամանակի:

Հարբած մարդկանց բացակայությունը փողոցներում

Հետսովետական երկրներից եկածներին և միաժամանակ նաև եվրոպացիներին մեր երկրում շատ բաներ կարող են զարմացնել: Սակայն փաստ է, որ Երևանում գրեթե չես գտնի այնպիսի մարդկանց, որոնք ծայրաստիճան հարբած են և ցանկանում են իրենց «ոգեշնչումը» փոխանցել անցորդներին: Զարմանալի է նրանց համար նաև այն, որ փողոցում զբոսնող երիտասարդների ձեռքին երբեք չես տեսնի գարեջրի շշեր:

Անհավանական մաքուր մետրո

Առանց բացառության՝ բոլոր զբոսաշրջիկներին հիացնում է մեր մետրոյի մաքրությունը: Որպես օրինակ՝ նյույորքցիները, որոնք օգտվում են աշխարհում ամենամեծ մետրոյից, աչքերին չեն հավատում՝ տեսնելով հայկական մետրոյի մաքրությունը: Եվ երևի թե երևանցիներից շատերը չեն էլ նկատել, որ մետրոպոլիտենի ոչ մի կայարանում աղբամաններ կամ պաստառներ՝ «չկեղտոտել», «պահպանել մաքրություն» գրառմամբ չկան: Եվ անգամ առանց դրանց մեր քաղաքի ոչ մի բնակիչ իրեն թույլ չի տալիս կեղտոտել կայարանը կամ ծխել:

Հանգիստ և անվտանգ գիշերներ

Ուշ գիշերներին Երևանի փողոցներով քայլելիս կարող եք հանդիպել ժպտացող շատ օտարերկրացիների: Նրանք զարմանում են, որ Երևանում գիշերային ժամերին հանգիստ կարելի է դուրս գալ փողոց և ուղղակի զբոսնել առանց ոչնչից վախենալու: Նրանց համար հետաքրքիր է նաև այն, որ Երևանի կենտրոնում գտնվող խանութները և ծառայողական կենտրոնները գործում են շուրջօրյա:

Երևանը խաչմերուկ է Ասիայի և Եվրոպայի միջև

Վերջին տասնամյակի ընթացքում Երևանում անընդհատ տարբեր տեսակի շինարարություններ են իրականանում. կառուցվում են նոր և ժամանակակից շենքեր, խանութներ, սրճարաններ: Եվ օտարերկրացիների համար զարմանալին այն է, որ Երևանի կենտրոնում գտնվող ճոխ սրճարանների ու ռեստորանների, մի քանի շերտով ասֆալտապատված ճանապարհների մեջ հանգիստ ապրում են ասիական հոգին և ավանդույթները. տղամարդիկ, որոնք նարդի են խաղում, կանայք, որոնք բուրդ են «ծեծում»:

Ատամնաբույժներից և վարսահարդարներից պետք չէ վախենալ

Շատ հայեր տարին մեկ անգամ պարտադիր այցելում են ատամնաբույժի՝ ատամները «վերանորոգելու» համար: Իսկ շատ օտարերկրացիներ այսօր գալիս են Հայաստան ատամնաբույժների այցելելու համար, քանի որ գները մատչելի են նրանց համար, և որակն ապահովված է: Այստեղ գտնվելու գրեթե ողջ ընթացքում նրանք գեղեցկության սրահներ են այցելում, կարգի են բերում մազերն ու եղունգները և ամեն անգամ տարբեր լեզուներով կամ ժեստերով փորձում են հասկացնել, որ Հայաստանում այսպիսի ծառայություններն իրոք էժան են:

Հայի տան դռները միշտ բաց են հյուրի առջև

Եվրոպացու համար առաջին հայացքից անընդունելի կարող է թվալ անծանոթ մարդուն հյուր ընդունելը, հատկապես եթե այդ մարդը հարազատ, բարեկամ կամ ընկեր չէ, այլ ուղղակի մեկը, ում հետ ծանոթացել ես ինքնաթիռում: Փորձեք եվրոպացուն իր ծանոթի ծանոթի տուն տանել, որը հայ է, և տեսեք, թե ինչ զարմանք կապրի նա. նրա առջև մի քանի րոպեի ընթացքում բացվում է մեծ սեղան, հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, երկար կենացներ են հնչում, և սկսվում են ավանդական «սա կեր, թե չէ կնեղանամ» արտահայտությունները: Եվ հայի համար առհասարակ կարևոր չէ՝ հիվանդը դիաբետ ունի, թե ոչ, ալերգիաներ կամ սեփական սննդակարգ ունի, թե ոչ. դուք նրա հյուրն եք, և դրանով ամեն ինչ ասված է:

Բարի գալուստ Երևան:

8 երևույթներ Երևանում, որոնք զարմացնում են զբոսաշրջիկներին