Շատ արդյունավետ էր. Փաշինյանը՝ իր և Պուտինի հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ փողոցում քայլելիս չցանկացավ պատասխանել, թե ինչ է քննարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փակ դռների հետևում:

Միայն ասաց՝ «Շատ արդյունավետ հանդիպում էր»: Դիտարկմանը, թե արդյոք քննարկում եղե՞լ է Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին, նա պատասխանեց՝ քննարկումներն ընդհանուր են եղել, հատուկ կետերի շուրջ քննարկումներ չեն եղել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Բելառուսի նախագահի հետ քննարկել են զենքի վաճառքի հետ կապված հարցեր: «Բոլոր մեզ մտահոգող հարցերը քննարկվել են»,- ասաց նա՝ նշելով, որ Լուկաշենկոյի արձագանքն իր բարձրացված հարցերին եղել է «լավ»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իր նշանակած նախարարների մասին եղած քննարկումներին, թե երիտասարդ են, փորձ չունեն:

«Իմ մասին էլ էին ասում՝ կառավարման փորձ չունի: Բայց մենք նոր էջ ենք բացում մեր երկրում, կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ, և եթե խնդիրներ ծագեն, ապա դրանց լուծումն արագ կտրվի:

Հարցին, թե ինչ է կարծում՝ Ազգային ժողովը հավանություն կտա՞ իրենց կառավարության ծրագրին, նա պատասխանեց՝ կարծում է՝ այո: «Եվ մենք բնականոն կաշխատենք: Կարծում եմ, որ որևէ մեկը չպետք է քաղաքական իրողություններին սխալ գնահատականներ տալուն տրվի»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ արտահերթ քաղաքական ընտրությունները շուտով կլինեն, իր կարծիքով՝ այս տարի:

Շատ արդյունավետ էր. Փաշինյանը՝ իր և Պուտինի հանդիպման մասին