Աննա Հակոբյանն այսօր հանդիպելու է Ռիտա Սարգսյանի օգնականի հետ

Այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, հարց ուղղվեց մամուլի ազատության վերաբերյալ:

Ի պատասխան՝ Ա. Հակոբյանը նկատեց, որ կան օրենսդրական կարգավորումներ մամուլի ազատության համար, սակայն նաև ասաց, որ առավել առաջնային է լրատվամիջոցների և լրագրողների սեփական ազատության զգացողությունը.

«Եթե չլինի սեփական ազատությունը, օրենսդրությունը ոչնչով չի կարող օգնել: Լրագրողները պետք է ձերբազատվեն ինքնագրաքննադատությունից ու կառուցեն իրենց սեփական ազատությունը, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, այն փոփոխությունը, որ եկավ, այդ ամենը պահպանելու երաշխիքը մամուլն է: Իսկ առանց ազատության՝ հնարավոր չէ ապահովել այդ ամենը»:

Օգտատերերից մեկը հարց էր ուղղել, թե արդյոք Ա. Հակոբյանը մշակութային ոլորտի խնդիրներով, բարեգործական ծրագրերով զբաղվելո՞ւ է: Ի պատասխան՝ Ա. Հակոբյանն ասաց, որ ինքն այս օրերին արդեն հանդիպումներ է ունեցել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթացել է տարբեր խնդիրների.

«Ես պատրաստվում եմ հենց այսօր հանդիպել տիկին Ռիտայի օգնականի հետ, ով զբաղվել է այդ հարցերով, ու հույս ունեմ պարզել՝ ի՞նչ ծրագրեր են եղել, կա՞ արդյոք դրանց շարունակականության անհրաժեշտությունը, եթե՝ այո, ես պատրաստ կլինեմ դրանք իրագործել»:

Հարցին՝ ինչո՞ւ հենց Ռիտա Սարգսյանի հետ չեք հանդիպելու, Ա. Հակոբյանը պատասխանեց, որ Բաղրամյան 26-ում կա համապատասխան սենյակ, որը զբաղվել է այդ հարցերով. «Ես այսօր գնացել եմ այնտեղ, ճանաչել եմ այդ մարդկանց, ովքեր աշխատում են այնտեղ, իրենց հետ եմ հանդիպելու, քանի որ իրենք առնչվել են այդ գործերի հետ»:

Աննա Հակոբյանն այսօր հանդիպելու է Ռիտա Սարգսյանի օգնականի հետ