«Բախտս բերել է ամուսնուս հարցում». Սոս Ջանիբեկյանի կինը` Մադոննան, հղիության այս փուլի և տարբերվող ֆոտոշարքի մասին

Դերասան Սոս Ջանիբեկյանի և հաղորդավարուհի, ոճաբան Մադոննա Հարությունյանի ծնողներ դառնալու լուրն ու Սոսի բացառիկ հարցազրույցը ընտանեկան կյանքի մասին Tert.am Life–ը ներկայացրել է իր ընթերցողներին։ Դերասանի կինը` Մադոննան, նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին և պատմել հղիության ընթացքի մասին։

Ապագա մայրիկը կյանքի այս երջանիկ փուլում որոշել է տարբերվող ֆոտոշարք անել` ներկայանալով սև, կիպ զգեստով։ «Հղիության ժամանակ արված ֆոտոշարք ասելով, սովորաբար, պատկերացնում ենք վարդագույն զգեստով ծաղկած ծառերի ֆոնին ապագա մայրիկի։ Ես ընտրեցի սև զգեստը և համահունչ աքսեսուարներ»,– ընտրությունը մեկնաբանեց Մադոննան և հավելեց, որ ինքնուրույն է զբաղվել ֆոտոշարքի ոճով։

Մշտապես շիկահեր կերպարով Մադոննան այժմ ներկայանում է մուգ վարսերով։ Մազերը չգունաբացելը պայմանավորված է կարգավիճակով։ Հետագայում կրկին շիկահեր կդառնա՞, թե ոչ, ապագա մայրիկը դեռ չի որոշել։ «Գուցե հետո վերադառնամ շեկ մազերին։ Դեռ ծրագրեր չեմ կազմում»,– ասաց նա։

24–ամյա հաղորդավարուհին հղիության 6–րդ ամսում է։ Նա և Սոսն աղջիկ երեխայի են սպասում։ «Հղիությունս հրաշալի է անցնում, առավել ևս, որ այս ամիս սկսել եմ զգալ, թե ինչպես է իմ մեջ մի նոր կյանք շարժվում»,– ասաց ապագա մայրիկը, ով այս փուլում շարունակում է աշխատել։

Սոսի հետ մեր ներկայացրած հարցազրույցից հետո շատերը նկատել էին, որ դերասանը շատ է փոխվել։ Մադոննայից հետաքրքրվեցինք` արդյոք ինքը նկատում է փոփոխություններ ամուսնու մեջ։

«Կյանքի տարբեր փուլերում բոլորս փոխվում ենք։ Երեխայի լուրը չէր կարող մեզ վրա ազդեցություն չունենալ։ Թեև կարծում եմ, որ ավելի մեծ փոփոխություններ սպասվում են երեխայի ծննդից հետո»,– ասաց հաղորդավարուհին։

Մադոննան նկատեց, որ Սոսն ամեն հարցում աջակում է իրեն, շատ ուշադիր է։ «Սոսն ինձ շատ է օգնում։ Իսկապես, բախտս բերել է ամուսնուս հարցում»,– նկատեց նա։

«Բախտս բերել է ամուսնուս հարցում». Սոս Ջանիբեկյանի կինը` Մադոննան, հղիության այս փուլի և տարբերվող ֆոտոշարքի մասին