Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի, Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու և «Սասնա ծռերի» մասին

Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու խնդրի մասին:

«Ես նախագծին ծանոթ չեմ, բայց ինչքան հասցրել եմ հետևել մամուլից, այդ այգին վերակառուցվելու է, բոլոր ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր, ու մենք կհետևենք, որ հենց այդպես էլ լինի»,- նշեց Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով քաղաքացիների կողմից հնչող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին՝ Ն. Փաշինյանն ասաց. «Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ, և հասկանալ՝ ում հրաժարականն ինչի համար ենք պահանջում»:

Վարչապետը նաև անդրադարձավ «Սասնա ծռերի» գործով բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների պահանջին. «Պետք է շատ հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը, որովհետև ես հստակ իմ դիրքորոշումներն արտահայտել եմ, հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին խոսել եմ: Ցանկացած ակցիա, որ անում է, ամենավատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան: Էլի եմ ասում, եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ քրեակատարողական հիմնարկներ, դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև կան ընթացակարգեր, մարմիններ դրա համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի, Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու և «Սասնա ծռերի» մասին