Բաց նամակ Նիկոլ Փաաշինյանին

Կրկնօրինակը՝ ՀՀ բնապահպանության նախարար պարոն Էրիկ Գրիգորյանին

Մեծարգո պարոն վարչապետ

Դիմում ենք Ձեզ հետևյալ հիմնահարցի առիթով:

Ս.թ. մարտի 23-ին Մտավորականների խորհուրդը (ՄԽ)  դիմել էր  ՀՀ Կառավարությանը, հայտնելով իր խորը մտահոգությունը հանքարդյունաբերության, հատկապես մետաղային հանքերի և պոչամբարների կողմից շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա իրականացվող խիստ բացասական ազդեցության վերաբերյալ /նամակի պատճեն կցվում է/:

Ապրիլի 25-ին ստացվել է պատասխան ՀՀ Բնապահպանության նախարարությունից, որին կցվել են նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների, Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների տեսակետները քննարկվող հարցի շուրջ: Ստացված պատասխանը մեզ բոլարովին չի գոհացնում, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունները լիարժեք չեն տիրապետում բարձրացված հիմնախնդրի էությանը և չեն համագործակցում միմիանց հետ, ներկայացնելով մակերեսային և իրար հակասող, որևէ լուծում չպարունակող կարծիքներ:

Պատասխանից տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունները նոր են արձանագրում այն վտանգները և կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է նախատեսված լինեին դեռ մետաղական հանքերի շահագործման թույլտվությունը տալու պահին: Միայն հիմա են նախատեսում իրականացնել միջոցառումներ, որոնք պետք է իբր վերացնեն կուտակված վտանգավոր հետևանքները՝ միաժամանակ բողոքելով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունից:

Մեր խորին համոզմամբ շրջակա միջավայրին հասցված վնասները, որոնք անկասկած ազդում են բնակչության առողջության վրա, հետևանք են շահագործողների կողմից գերշահույթ ստանալու մոլուցքի և  պատկան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության բացակայության:

Հարգարժան պարոն վարչապետ:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն արտառոց փաստին, որ հանքավայրերի արտադրանքի, հատկապես՝ մոլիբդենի, ոսկու արտահանման տուրքերը զրոյական են, իսկ ստացված շահույթի հարկման հնարավորությունները՝ անհասկանալի ու անվերահսկելի:

Համոզված ենք, որ բարձրացված խնդիրները օպերատիվ լուծման կարիք ունեն և նորընտիր Կառավարությունը կդրսևորի համապատասխան քաղաքական կամք այդ ուղղությամբ:

Մեր կարծիքով անհրաժեշտ է.

  • Բացառել հանքարդյունաբերության դիտարկումը որպես ՀՀ զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը:
  • Բացահայտել ոլորտում առկա կոռուպցիոն երևույթները:
  • Ստեղծել միջգերատեսչական համակարգող հանձնաժողով անկախ փորձագետների մասնակցությամբ (երկրաբան, բնապահպան, քիմիկոս, իրավաբան, տնտեսագետ, հիգիենիստ):
  • Իրականցնել նախորդ նամակում արդեն նշված միջոցառումները: Այն է`
  • Ձեռնարկել տարաբնույթ նորարական միջոցառումներ հանքարդյունա-բերության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնեու նպատակով: Կասեցնել շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր մետաղային հանքերի շահագործումը մինչև հասցված վնասի վերացումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ օրինակ՝ Թեղուտի հանքավայր: Առկախել նոր թույլտվությունների տրամադրումը:
  • Անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասված և աղտոտված տարածքների վերականգնման և բնությանը հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ՝ առաջնային համարելով Լոռու և Սունիքի մարզերը:
  • Ուսումնասիրել ազդակիր համայնքների առողջապահական, սոցիալական վիճակի բնութագիրը և դրա հիման վրա բնակչությանը ցուցաբերել ամբողջական աջակցություն,
  • պատասխանատվության ենթարկել բնությանը և տեղի բնակչությանը վնաս հասցրած մասնավոր ձեռնարկություններին:

Ակնկալում ենք հանդիպում՝ վերընշված, ինչպես նաև այլ հրատապ հիմնախդիրները քննարկելու համար:

Մտավորականների խորհրդի անունից՝

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՝ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ՝ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ՝ արտակարգ ու լիազոր դեսպանՀայռուսական համալսարանիհամաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնիվարիչ

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ՜ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ՝ քիմիական գիտ. թեկնածու

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ՝ Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.

ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ՝ Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր

ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ՝ ՆԵՐՈՒԺ ՀԿ տնօրեն

ԵԼԵՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ՝ Բժշկական գիտ.թեկ.

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ՝ ՄԽ  համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար

Բաց նամակ Նիկոլ Փաաշինյանին