Բոլոր քննությունները, առանց բացառության, հանձնել եմ գերազանց. Ն. Փաշինյանը անդրադարձել է դիպլոմ չունենալուն և ներկայացրել է իր ուսանողական գրքույկը

Tert.am-ը գրում է
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր դիպլոմ չունենալու հարցի շուրջ վերջերս ծավալված քննարկումներին և ներկայացրել է իր ուսանողական գրքույկը:

«Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորև ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։

1991 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ և կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել և տեղում կվերականգնվեմ, բայց, բնականաբար, մերժել եմ այդ առաջարկը։

Ուսումնառության ընթացքում, որն, ըստ էության, անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները, առանց բացառության, հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար»,-գրել է նա:

Բոլոր քննությունները, առանց բացառության, հանձնել եմ գերազանց. Ն. Փաշինյանը անդրադարձել է դիպլոմ չունենալուն և ներկայացրել է իր ուսանողական գրքույկը