Ահազանգ. հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում

Econews.am-ը գրում է.

Երևանի զվարճանքի կենտրոններից մեկում անազատության մեջ պահվող կենդանու մասին հերթական ահազանգն է հնչել: «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի լուսանկարներ է հրապարակել: Կենդանին պահվում է «10-ից 10» զվարճանքի համալիրում:

Այս մասին զրուցեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանի հետ, ով նաև համակարգում է արջերի փրկության ծրագիրը: «Լուսանկարում էգ բեզոարյան այծ է, տարիքը՝ մեկ տարեկանից ավել: Չեմ կարող միանշանակ ասել, թե կենդանին որտեղից է եկել, բայց հիմնականում գիտեմ՝ ինչպես են այդ այծերը հասնում Երևան: Սովորաբար, կանաչ սեզոնին, երբ մարդիկ սարերում կանաչեղեն են հավաքում, կենդանին հանդիպում է, բռնում և վաճառում են: Երբեմն էլ Մեղրու, Կապանի շրջանում հայտնվում են հատուկ ձագ բռնողներ: Բերում են Երևանում 100-200 դոլարով վաճառում են»,- ասաց նա:

Ինչպես նշեց Մանուկ Մանուկյանը, նման վայրերում կարմիրգրքյան վայրի կենդանիներ պահելը սխալ է, քանի որ կենդանուն սխալ են խնամում: «Մինչ այժմ ոչ ոք ճիշտ չի խնամել այդ կենդանիներին՝ սկսած իրենց տարածքից, տեղից, կերից, կերակրման ձևից և այլն: Ոչ մի բանը ճիշտ չի իրականացվում»,- ասաց նա:

Նշենք, որ «10-ից 10» զվարճանքի համալիրը «ՎԱԼԵՆՍԻԱ» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ կազմի մեջ է, որն էլ հայտնի «Իքս Գրուպ» ընկերության մաս է: Վերոնշյալ «10-ից 10» զվարճանքի համալիրում հրաձգությունը ևս համարվում է զվարճանքի ձև և պարբերաբար իրականացվում է հրաձգության հրավեր: Գործարար Խաչիկ Խաչիկյանին պատկանող «Իքս Գրուպ» ընկերության մաս են կազմում մի շարք հայտնի ընկերություններ, որոնցից են՝ «Ջրաշխարհ» զվարճանքի կենտրոնը, «Արաքս թռչնաֆաբրիկան», «Կլայկ» առևտրի կենտրոնը և այլն: Նշենք, որ Խաչիկ Խաչիկյանը բավական հայտնի գործարար է և մի քանի անգամ հայտնվել է «աղմկահարույց» պատմությունների կիզակետում:

Մեր հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց նաև, որ 2017թ.-ին նշված տարածքում պահվել են նաև վարազներ (վայրի խոզ): Վերջին տարիներին այս տեսակի թվաքանակի անկում է գրանցվել, սակայն վարազը դեռ գրանցված չէ ՀՀ Կարմիր գրքում:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքը սահմանում է Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը: Հոդված 27.2-ի առաջին կետով ասվում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:

Այս և մի շարք այլ պահանջների համապատասխանությունը ՀՀ-ում գործող օրենքին պետք է ստուգի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում ենք վերոնշյալ կառույցի ուշադրությունը:

Նշենք նաև, որ սույն օրենքում նախատեսվում են էական փոփոխություններ, որոնք պետք է նաև ավելի խիստ կանոնակարգեն անազատ և կիսազատ պայմաններում գտնվող կենդանիների պահման նպատակներն ու պայմանները:

Ահազանգ. հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում