67 միլիոն դրամ մսխելու համար պատասխան է պետք պահանջել, հարգելի՛ նախարար

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետևյալը․ «Լեզվի պետական տեսչությունն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ։ Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին»,-գրառմանը կից փասթաթուղթ ներկայացնելով գրել է նախարարը՝ որպես հաշվետվություն այն քաղաքացիներին, որոնց պայքարի միջոցով և շնորհիվ դաձավ նախարար։

Ֆեյսբուքյան էջերն ակտիվ պահելն ու անընդհատ ուղիղ եթերներ մտնելը նոր կառավարության մոտ հստակ ընդգծված գործելաոճ է։ Այսկերպ նորեկները փորձում են ամեն վայրկյան ցույց տալ, որ ի տաբերություն նախորդների, պատրաստ են ավելի բաց և թափանցիկ աշխատել։

Բայց միայն խնդիրների մասին տեղեկացնելը, նախորդների բացթողումների մասին հրապարակումներ անելը բավարար չէ. եթե նախարարը փաստում է, որ տարեկան հարկատուների միջոցներով հավաքավող բյուջեից 67 միլիոն դրամ է հատկացվել գրեթե զրոյական արդյունքի ապահովման համար, ապա այս փաստին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ՝ ընդհուպ օրենքի առաջ պատասխանատվության տեսքով՝ անկախ նրանից՝ բյուջեի փողերն անիմաստ մսխող կառույցը կա՞, թե՞ լուծարվել է։

Այնպես որ, Արայիկ Հարությունյանն իր այս բացահայտում-գրառումով չպետք է բավարարվի, պետական բյուջեի մսխման յուրաքանչյուր նման դեպք պետք է ստանա համապատասխան իրավական գնահատական, որ չստացվի՝ նորեկները ապահովում են արտաքին ֆասադը՝ բովանդակությունը թողնելով գրեթե նույնը։

Հիշեցնենք, որ Լեզվի պետական տեսչությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Աղավնի Սուքիասյան

67 միլիոն դրամ մսխելու համար պատասխան է պետք պահանջել, հարգելի՛ նախարար