ԿԳ նախարարը այցելել է թիվ 189 դպրոց եւ դրամահավաքի դեպք բացահայտել

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ահազանգով այցելել է թիվ 189 դպրոց եւ դրամահավաքի դեպք բացահայտել։ Այս  մասին էր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հովհաննես Հովհաննիսյանը եւ տեսանյութ հրապարակել։

ԿԳ նախարարը ծնողների, դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների մասնակցությամբ հանդիպում անցկացրեց, որտեղ ծնողներից մեկը հայտարարեց, որ դրամահավաք չի եղել, իրենք ցանկացել են իրենց երեխաների «Վերջին զանգի» կապակցությամբ մի փոքրիկ միջոցառում կազմակերպել։

«Որոշել ենք բոլորի կարծիքն էլ հարցնել ու երեկ ինչ հարցեր եղել են, ով ինչ գումար տվել է հետ ենք վերադարձրել»,-ասաց նա։

Դպրոցի տնօրենի հարցին, թե ինչ գումար են հավաքել, ծնողը պատասխանեց, որ ծաղիկների, փուչիկների եւ զանգերի համար հավաքել են 15 հազար դրամ։

Դպրոցի տնօրենը նաեւ ճշտեց, թե ինչպես են որոշել, որ այդ գումարը պետք է հավաքվի, նույն ծնողը պատասխանեց, որ բոլորով քննարկել եւ որոշել են։

ԿԳ նախարարն էլ հարց ուղղեց, որ դասարանում 29 աշակերտ կա եւ 15 հազարական դրամ հավաքելով բավական մեծ գումար է կազմում, ինչ էին անելու այդ գումարով։

Հարցին  ի  պատասխան ծնողներից մեկն ասաց, որ որոշել էին շատ հավաքել, որ ծախսերը հոգային ու գումար չպակասեր, իսկ եթե ավելանար, հետ էին վերադարձնելու։

Սոֆիկ անունով ներկայացած ծնողներից մեկն էլ հարց բարձրացրեց, թե այդ հավաքված գումարից տնօրենին չի հասնելու, տնօրենն էլ զարմացավ եւ հայտարարեց, որ իր պաշտոնավարման 1 տարվա ընթացքում, իրեն նույնիսկ 1 ծաղիկ չեն տվել։

ԿԳ նախարարը այցելել է թիվ 189 դպրոց եւ դրամահավաքի դեպք բացահայտել