Հեղափոխության «կարմիր գիծը». քրեաօլիգարխիայի ժամը մոտենում է

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ԶԼՄ-ների խմբագիրների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարել է, որ գործողություններ են իրականացնում երկրում նախկինում կատարված հանցագործությունների, գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ «Շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով», – հայտարարել է նա՝ ավելացնելով, որ նշված սխեմաների միջոցով ոմանք պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։ «Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն, ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ։ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրենց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։ ԱԱԾ ղեկավարն ասել է, որ ինքը կողմ է, որպեսզի կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանցից առգրավվեն պետությունից գողացված միջոցները և վերադարձվեն պետական բյուջե:

Վանեցյանն այսօր խոսել է ընդամենը մեկ կոռուպցիոն սխեմայի մասին, որի միջոցով Հայաստանի քրեաօլիգարխիան թաքնվել է 350 աղքատ ու անեկամուտ մարդու թիկունքում և անխնա թալանել է պետությանը` ֆորմալ առումով իր համար ստեղծելով անպատասխանատվության երաշխիքներ, ալիբիներ` հետագայում քրեական հետապնդումից ազատվելու համար: Անկասկած է, որ քրեաօլիգարխիան այս տարիներին ունեցել է տասնյակ նման սխեմաներ, թալանի և պետական ռեսուրսների մսխման հարյուրավոր սողանցքներ:

ԱԱԾ տնօրենի բացահայտումները շատ կարևոր են, սակայն հատկապես կարևոր է, որ ասվածը չմնա PR-ի մակարդակում և հնչեն կոնկրետ անուններ, դեպքեր, որովհետև քևեաօլիգարխիան դեռ չի կապիտուլացվել և նրա շատ ներկայացուցիչներ շարունակում են ազդեցիկ դիրքեր պահպանել անգամ իշխանափոխությունից հետո:

Թավշյա հեղափոխության սլաքն ուղղված էր հատկապես քրեաօլիգարխիայի դեմ. Սերժ Սարգսյանն ընդամենը նրա հավաքական կերպարն էր: Այս համատեքստում «Սերժ հեռացիր»-ը շատ ավելի տարողունակ օրակարգ է և չի սահմանափակվում միայն կոնկրետ մարդու և կուսակցության իշխանազրկմամբ: Խոշոր բիզնեսն անխտիր, այդ թվում` Փաշինյանի կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանը, պետք է հեռանա քաղաքականությունից. դա է թավշյա հեղափոխության նպատակը, պահանջը:

Երկրից գողացվել և դուրս է հանվել տաս միլիարդը գերազանցող գումար: Այս դեպքում պատասխանատվությունը պետք է օրինական ճանապարհով անհատականացվի և հասարակությունը տեղեկանա, թե որ պաշտոնյան կամ օլիգարխը երբ ու ինչքան գումար են վերադարձնելու պետբյուջե:

ԱԱԾ տնօրենի հետ համաձայն ենք` բանտն ու ազատազրկումը հարցի լուծում չեն, պետք է վերադարձվի երկրից թալանվածը: Մյուս կողմից` որևէ օլիգարխ չպետք է պատրանքներ ունենա, թե կարող է մաքուր էջից բիզնես վարել, եթե չի հատուցել թալանածը: 10 միլիարդը վերացական թիվ չէ. դա այն գինն է, որ օլիգարխիան պետք է վճարի` հասարակական հաշտության սուբյեկտ դառնալու համար:

Խնդիրն ունի նաև քաղաքական կողմ: Եթե օլիգարխիայի ներկայացուցիչները դատական օրինական ընթացակարգով չհատուցեն պետությանը և չլեգալացնեն իրենց բիզնեսը, ապա միշտ առկա է լինելու քրեաօլիգարխիայի ռևանշի վտանգ:

Թավշյա հեղափոխությունը քաշել է «կարմիր գծեր», որոնք անցնելու իրավունք չունի ոչ մի իշխանություն: Քրեաօլիգարխիան չպետք է ունենա քաղաքական ռեաբիլիտացիայի որևէ հնարավորություն. այս սկզբունքից շեղվող ցանկացած կառավարություն դադարելու է ասոցացվել թավշյա հեղափոխության, նոր Հայաստանի հետ:

Հեղափոխության «կարմիր գիծը». քրեաօլիգարխիայի ժամը մոտենում է