Ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին

Սուվորով, Կուտուզով, Բեռնս, Մոցարտ, Պուշկին, Օսկար ՈՒայլդ, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջին, Կարլ Մարքս, Լև Տրոցկի, Վոլտեր, Գյոթե, Հայդն, Ռադիշչև… Որքան էլ տարօրինակ լինի, այս մարդկանց կենսագրություններում կա ընդհանուր մի բան, որ միավորում է նրանց։ Նրանք բոլորը եղել են մասոնական օթյակների անդամներ։ Այդ ապշեցուցիչ փաստը միշտ հետաքրքրել է ինձ, քանի որ մասոնության մասին իմ պատկերացումները փոքր-ինչ հակասում էին այդ շարժմանը վերը հիշատակված անձանց մասնակցությանը։ Իմ առջև միշտ հառնում էր մի տրամաբանական հարց. եթե նրանք բոլորը մասոններ են եղել, ապա այդ դեպքում ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին։ Այս հարցը երկար ժամանակ ինձ համար բաց էր մնում, մինչև հնարավորություն առաջացավ իմ հարգելի ընթերցողի հետ քննարկելու տարակույսներն ու հետևություններ անելու։

Հայտնի է, որ Եվրոպայի ու Ամերիկայի մի շարք պետություններում մասոնությունը պետական և ազգային ավանդույթներից անբաժան ընդհանրություն է։ Կանոնական մասոնությունը երբեք հակամիապետական կազմակերպություն չի եղել։ Անգլիայի Միավորված մեծ օթյակի Մեծ վարպետը ավանդաբար թագավորական ընտանիքի անդամներից մեկն է, Ազատ որմնադիրների շվեդական միաբանության Մեծ վարպետը` Շվեդիայի թագավորը։ Իտալիայում մասոնները ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել 19-րդ դարում միասնական իտալական պետության ստեղծման գործում։ Իտալիայի ազգային հերոս Գարիբալդին մասոն էր։

Մասոնությունը հասկանալու և օգտագործելու նպատակով նրան անդամագրվել է Պետրոս 1-ին ցարը, բայց դա ոչինչ չտվեց նրան։ Նա չկարողացավ հասկանալ ո՛չ մասոնության էությունը, ո՛չ էլ վտանգը։ Պետրոսին մասոնությունը ցույց տվեցին այն տեսքով, ինչ ձեռնտու էր մասոնությանը, և ցարի մոտ մասոնության մասին, ընդհանուր առմամբ, դրական կարծիք ձևավորվեց։ Պետրոս 1-ինը Ռուսաստանի պետական դրոշն ընդունեց մասոնական գույներով (ինչպես Ֆրանսիայինն ու ԱՄՆ-ինը)` սպիտակ, երկնագույն և կարմիր, սպիտակը (շոտլանդական)` վերևում։ Երբ կոմունիստները մասոնական այդ դրոշը փոխարինեցին կարմիրով, դա չի նշանակում, թե նրանք վատը փոխարինեցին լավով։ Կարմիր դրոշը, այսպես կոչված, «Ռոտշիլդների դրոշն» է («Ռոտշիլդ» թարգմանաբար նշանակում է «կարմիր պաստառ»)։ Կոմունիստներն ուղղակի չարի մի ձևը փոխեցին մեկ ուրիշով։ Բայց դա սոսկ մասոնական լեգենդ է, իսկ այ որ Պավել 1-ին, Ալեքսանդր 1-ին, Ալեքսանդր 2-րդ կայսրերը մասոններ են եղել, պատմական փաստ է։

Բանն այն է, որ գոյություն ունեն իրենց մասոնական օթյակներ կոչող երկու միանգամայն տարբեր տիպի կազմակերպություններ։ Մասոններն իրենք այդ կազմակերպություններն անվանել են կանոնական և ոչ կանոնական օթյակներ։

Կանոնական մասոնությունը սկիզբ է առնում միջնադարյան ազատ որմնադիրների, գոթական տաճարների, ամրոցների ու դղյակների շինարարների արհեստագործական համքարություններից (գիլդիա)։ Նրա ծեսերի հիմքում ընկած են շինարարական աշխատանքների սիմվոլները։ Իր ներկա տեսքը կանոնական մասոնությունն ստացել է 18-րդ դարում` Անգլիայում։ Ըստ էության` իսկական մասոնությունը հենց դա է։ Հենց կանոնական օթյակների անդամներ էին Սուվորովը, Մոցարտը, իրենց ժամանակի բազմաթիվ այլ ականավոր մարդիկ, հայրենիքի նվիրյալ զավակներ, բոցաշունչ հայրենասերներ ու վսեմ գաղափարների մարտիկներ։ Ցանկացած կանոնական օթյակի հիմնական սկզբունքներն են` մեկ Աստծո հավատը, ուրիշի կարծիքի հանդեպ հարգանքը, խաղաղության, սիրո և եղբայրության իդեալներին հասնելու ձգտումը։ Կանոնական մասոնները պարտավոր են սիրել իրենց երկիրը, հավատարիմ լինել նրա օրենքներին ու օրինական ընտրված իշխանություններին, աշխատանքը համարել մարդու հիմնական պարտականությունը, հարգել աշխատանքն իր բոլոր ձևերով։

Ոչ կանոնական մասոնությունը իրենց մասոններ համարող, բայց միաժամանակ մասոնության հիմնարար սկզբունքները մերժող մարդկանց միություն է։ Առավել խոշոր ոչ կանոնական մասոնական կազմակերպությունը Ֆրանսիայի Մեծ արևելքն է (նշեմ, որ Ֆրանսիայում կա նաև կանոնական մասոնություն, որի կազմակերպություններն են Ֆրանսիայի Ազգային մեծ օթյակը և Ֆրանսիայի Գերագույն խորհուրդը)։ Ոչ կանոնական մասոնների օթյակները ճանաչված չեն համաշխարհային մասոնական եղբայրության կողմից։ Ոչ կանոնական օթյակներում միանգամայն այլ գաղափարախոսություն է, այլ կառուցվածք, այլ սկզբունքներ։ Իսկ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Բնայ Բրիթը», «Ռոթարի» ակումբը, Բիլդերբերգյան ակումբը, առհասարակ կապ չունեն մասոնության հետ, թեև երբեմն հավակնում էլ են մասոնական կազմակերպություններ կոչվելուն։

Եվ այսպես, մասոնությունը ո՛չ կրոն է, ո՛չ եկեղեցի, ո՛չ էկումենիկ շարժում, ո՛չ պաշտամունք, ո՛չ աղանդ։ Մասոնությունը չի կառուցվում կրոնադավանական սկզբունքով։ Մասոնության նպատակն է ի մի բերել լավ մարդկանց` միմյանց հետ շփվելու, միմյանց օգնելու համար, անկախ նրանց դասային, ազգային ու կրոնական տարբերություններից։ Իսկ միջազգային մասոնական դավադրության` միասնական կենտրոնից կառավարվող մի ինչ-որ գաղտնի կազմակերպության թեման անհեթեթ է, քանի որ բոլոր երկրների բոլոր Մեծ օթյակները լիովին անկախ են։

Հ.գ. Համաշխարհային մասոնության նշանավոր գործիչներից մեկը` Ալբերտ Պայկը, գրել է. «Որպես իր երկրի քաղաքացի, մասոնը պետք է լինի սահմանադրական կառավարության, օրենքի, կարգուկանոնի, կարգապահության և պետական իշխանությանը ենթարկվելու կողմը»։

Ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին